Հովհաննես Թումանյանի Դպիրների մասին

Կրթություն

Դպրոց

Ուսումը հայրենի գյուղում

Թումանյանի առաջին ուսուցիչը, որից գրաճանաչություն է սովորել, եղել է նրա կրտսեր հորեղբայրը՝ Գրիշկա բիձան՝ Գրիգոր Թումանյանը (ծնվ․՝ 1850)։ Գրիշկա բիձու դպրոցում ուսուցումն անկանոն է եղել և շուտով դադարել է։ Թումանյանն այդտեղ սովորել է մի քանի ամիս (1877/78 ուս․ տարի), որից հետո ուսումը շարունակել է Սահակ վարժապետի դպրոցում։

Սահակ Տեր-Հովհաննիսյանը Թումանյան ընտանիքի ազգականներից մեկի փեսան էր, որը ևս տիրացու էր։ Սահակ վարժապետի դպրոցի կազմակերպման նախաձեռնողը եղել է բանաստեղծի մայրը։ Նա է խնդրել Սահակին գյուղի երեխաներին կարդալ սովորեցնել։ Դսեղի հասարակությունը, ի դեմս հոգաբարձուների, Սահակ վարժապետի հետ կնքում է պայմանագիր՝ պարտավորվելով նրան վճարել տարեկան 130 ռուբլի։ Համաձայն պայմանագրի՝ աշակերտների թիվը պետք է լիներ 35։ Սակայն աշակերտների թիվն այդքանի չի հասել։ Իր մանկավարժական ըմբռնումներով և մեթոդներով Սահակ վարժապետը նման է եղել տեր-Թոդիկին։ Սահակ վարժապետի դպրոցում Թումանյանը սովորել է մեկ տարուց ոչ ավել (1878/79 ուս․ տարի), որից հետո ուսումը շարունակում է Ջալալօղլիում։

Տիգրան Տեր-Դավթյանի դպրոց

Թումանյանի ինքնակենսագրական նոթերը հիմք են տալիս ենթադրելու, որ Տեր-Թադևոսը նախնական մտադրություն է ունեցել Թումանյանին ուսման տալ Գևորգյան ճեմարանում, որի համար նրան տարել է Էջմիածին։ Ըստ երևույթին, ճեմարան այցելած օրը սաներից մեկի թաղման արարողությունը ճնշող տպավորություն է գործել Տեր-Թադևոսի վրա, որի պատճառով հրաժարվել է իր մտադրությունից։ Ըստ Նվարդ Թումանյանի՝ դա տեղի է ունեցել 1879 թվականի օգոստոսին՝ Ջալալօղլի մեկնելուց առաջ։ Ըստ Վերգինե Պետրոսյանի՝ իր հայր Տիգրան Տեր-Դավթյանն է խորհուրդ տվել տեր-Թադևոսին որդուն իր դպրոցը տալ և որ սկզբնական շրջանում Թումնանյանն ապրել է իրենց տանը։

1897 թվականի ուշ աշնանը Տեր-Թադևոսը՝ Հովհաննես և Ռոստում Թումանյաններին տանում է Ջալալօղլի ուսման տալիս այնտեղի Տիգրան Տեր-Դավթյանի երկսեռ դպրոցում։ Դպրոցը իր բացումից երկու ամիս անց արդեն հռչակվել էր որպես գավառի միակ բարեկարգ դպրոցը։ Ջալալօղլին այդ ժամանակ Լոռու գավառի վարչական կենտրոնն էր։ Այս դպրոցում Թումանյանն ուսանում է մոտ երեք տարի։ Թումանյանի ստեղծագործական ձիրքը բացահայտումը հիմնականում տեղի է ունեցել Ջալալօղլում։ Ջալալօղլուց և դպրոցից ստացված տպավորությունները նա անդրադարձել է «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքում։ Թումանյանի առաջադիմության և ընդունակությունների մասին միակ աղբյուրը դասընկերների հիշողություններն են, որոնք երբեմն հակասական են։ Թումանյանը հատկապես լավ էր հայոց լեզվից և աշխարհագրությունից։ Սիրում էր լսել պատմության դասերը, հատկապես, երբ ուսուցիչ Տիգրան Տեր-Դավթյանը պատմում էր իր ճանապարհորդական տպավորությունները Կոստանդնուպոլսից, Երուսաղեմից և Եգիպտոսից։ Թումանյանը, ինչպես Ջալալօղլու դպրոցում, այնպես էլ հետագայում Ներսիսյան դպրոցում հատկապես թույլ է մաթեմատիկական առարկաներից։

Ետ մնացող աշակերտների համար Տեր-Գևորգյանը կազմում է երեկոյան սերտողության ժամեր, որին մասնակցում է նաև Թումանյանը։ Սա, ապա նաև ընթերցանության երեկոները Թումանյանին ավելի են կապում Տիգրան Տեր-Դավթյանի ընտանիքի հետ։ Տիգրան Տեր-Դավթյանի սերտողության ժամերի ընթացքում է, որ Թումանյանը սկսում է կարդալ ուսուցչի գրքերը, որոնց մեջ էին հայ և արտասահմանյան գրողների ստեղծագործություններ։ Այստեղ է նաև, որ Թումանյանը սիրահարվում է տեսչի աղջիկներից մեկին՝ Վերգինեին։

Ըստ Վարսենիկ Գևորգյանի, 1894 թվականի ամռանը Մարցում Տիգրան Տեր-Դավթյանը Թումանյանին ծանոթացնում է Նիկողայոս Մառի հետ։ Ամենայն հավանականությամբ, սակայն, Գևորգյանը սխալվում է և այս ծանոթացումը տեղի է ունեցել 1893 թվականի ամռանը՝ Մառի Անի ուղևորվելու ընթացքում ամ վերադարձին։ 1984-ին Մառը Կովասում չի եղել։

Մինչև Տիգրան Տեր-Դավթյանը մահը (1906) նախկին ուսուցիչը և աշակերտը շարունակում են այցելել միմյանց։ Իսկ ուսուցչի մահից հետո Թումանյանը բարեկամական հարաբերությունները շարունակում է նրա ընտանիքի հետ։

Ջալալօղլու երկսեռ դպրոցը 1882 թվականի դեկտեմբերի 6-ին, հանդիպելով դժվարությունների, փակվում է, ապա մի քանի անգամ կարճ ժամանակով վերաբացվելուց հետո՝ վերջնականապես փակվում։

Ներսիսյան դպրոց

Ջալալօղլու դպրոցից հետո 1883 թվականի օգոստոսին տեր-Թադևոսը Թումանյանին տանում է Թիֆլիս և տալիս «Կադեստսկի կորպուս» զինվորական դպրոցը։ Թումանյանը սակայն, մի քանի օր մնալուց հետո փախչում է դպրոցից։

1883 թվականի սեպտեմբերին Թումանյանն ընդունվում է Ներսիսյան դպրոցի երկրորդ դասարանը և հեռանում 1886 թվականի սեպտեմբերին՝ չորրորդ դասարանը չավարտած։ Առաջին տարվա տեսուչ Սողոմոն Եղիազարյանը 1884 թվականի հունիսի 11-ին կազմած զեկուցագրում դպրոցի վիճակը նկարագրել է որպես «ոչ ամենևին մխիթարական»։ Դաստիարակներից Ավետիք Արասխանյանը, նկարագրելով Թումանյանի դասարանի վիճակը, ցույց է տվել, որ աշակերտության կազմը բազմազան է եղել։ Աշակերտությունը եղել է անկարգապահ, ունեցել կրթության ու դաստիարակության ցածր աստիճան։ Մյուս փաստերը նույնպես խոսում են այն մասին, որ Թումանյանի ուսման տարիներին Ներսիսյան դպրոցում ցածր է եղել կարգապահության և առաջադիմության մակարդակը։ Թումանյանի ուսուցիչներից են եղել պատմավիպասան Ծերենցը, տեսակգետ-հրապարակախոս Ավետիք Արասխանյանը, բանասեր-հայագետ Կ․ Կոստանյանցը, թարգմանիչներ Գ Բարխուդարյանը, Փիլ․ Վարդանյանը։ Ծերենցի հետ, հատկապես, աշակերտները և Թումանյանը լավ հարաբերություններ ունեին։

Ներսիսյան դպրոցի վատ վիճակը բացասաբար է անդրադառնում Թումանյանի՝ դպրոցի հանդեպ ունեցած վերաբերմունքի և  նրա առաջադիմության վրա։ Երրորդ և չորրորդ դասարաններում Թումանյանը չի ունեցել փայլուն առաջադիմություն։ Թումանյանի ուսումը խաթարել են նաև նյութական անբարենպաստ պայմանները, չնայած որ չի դասվել որդեգիր սաների շարքը, որոնք ապրում էին հանրակացարանում և սնվում դպրոցի հաշվին։

Ներսիսյան դպրոցում աշակերտության տարիներին Թումանյանը մեկ տարի՝ 1882 օգոստոսից մինչև 1884-ը ապրել է իր մոր ազգականի՝ Քեռի Բաղդոյի տանը, ապա, 1884-ի սեպտեմբերից մինչև 1886-ի հունիսը՝ մղդսի Ավագ Շեկ-Վարդանյանի տան ներքնահարկում, Կուկիա թաղամասի սուրբ Աստվածածին եկեղեցու բակում՝ նախկին Միխայլովսկի պողոտայի վրա, Վորոնցովի կամրջի մոտ։ Այստեղ նա շատ վատ պայմաններում է ապրել, որոնք թողել են ճնշող տպավորություն․ Թումանյանը հետագայում (1890) փորձել է վերարտադրել իր ապրումները սևագիր և անավարտ «Դարձ» պոեմում։ Բաղդի-քեռու տանը Թումանյանը ընկերանում է քեռու քենակալի եղբորորդու՝ Ստեփան Զորյանի հետ (Ռոստոմ, 1867-1919), որը սովորում էր Թիֆլիսի ռեալական դպրոցում։ Լավ ծանոթ լինելով ռուսական գրականությանը՝ Զորյանը բարենպաստ ազդեցություն է թողնում Թումանյանի գրական ճաշակի զարգացման վրա։ Ըստ Թումանյանի՝ «Հին կռիվը» պոեմը գրելու դրդումը նա ստացել է Զորյանից։

1884 թվականի սեպտեմբերին, փոխադրվելով Մղդսի Ավագ Շեկ-Վարդանյանի տունը, Թումանյանն այդտեղ ծանոթանում և հետզհետե մտերմանում է թիֆլիսցի մասնավոր փաստաբան Գրիգոր Գոլոշյանի ընտանիքի հետ, որ ապրում էր նույն տան վերնահարկում։ Այս ընտանիքի անդրանիկ զավակն էր Ալեքսանդր (Վարդան) Գոլոշյանը՝ հայ ազգային-ազատագրական շարժման մասնակիցներից մեկը, որը հետագայում ծառայել է որպես Թումանյանի «Հին կռիվը» պոեմի հերոս Վահանի նախատիպը։

Ներսիսյան դպրոցում ուսանելու տարիներին Թումանյանը հանդիպել է Ադամյանին և Րաֆֆուն։ Ադամյանի հետ հանդիպումը ըստ Թումանյանի եղել է ոչ ուշ քան 1886 թվականի սեպտեմբերը։ Ադամյանի Համլետը տեսնելու օրերին Թումանյանն այցելել է Րաֆֆուն։ Այդ հանդիպումը պետք է տեղի ունեցած լինի 1886 թվականի փետրվարի 23-ից հետո մինչև մայիսի վերջերը։ Հետագայում Թումանյանը կրկին այցելել է Րաֆֆիին, հատկապես՝ «վերջին տարին»՝ 1888-ին։ Հայտնի է, որ Թումանյանի մի քանի երկերը ազդվել է Րաֆֆուց։

1886 թվականի սեպտեմբերին Թումանյանը ընդմիշտ թողնում է Ներսիսյան դպրոցը։ Այն թողնելու հիմնական պատճառը համարվում է Թումանյանի նյութական ծանր պայմանները։ Առաջ են բերվում, սակայն, նաև այլ պատճառներ՝ դժգոհությունը դպրոցի կաշկանդող կարգուկանոնից, արագրոեն աճող հետաքրքրությունները, որոնք դպրոցը չէր բավարարում, ձգտումը դեպի գրական-հասարակական կյանքը։

Պատանեկան օրերի իր զգացումներն ու ապրումները Թումանյանը վերարտադրել է «Գիքորը» պատմվածքում և «Լեռների հովիտը» պատկերում։

Ներսիսյան դպրոցից հետո

Ներսիսյան դպրոցը թողնելուց հետո Թումանյանը սկսում է հաճախել Թիֆլիսի քաղաքային գրադարան-ընթերցարանը՝ մտքում միշտ ունենալով ուսումը մեկ ուրիշ բարձրագույն հաստատությունում շարունակելու միտքը, սակայն այդ ամենն իրականացնելու համար միջոցներ չկային։ Թումանյանն այդ բոլորի իրականացման համար սկսում է մեկենաս փնտրել, որը կհոգար ծախսերը՝ տրամադրելով պահանջվող գումարը՝ որպես պարտք՝ ապագայում հատուցելու պայմանով։ Որոնումները սակայն արդյունք չեն տալիս և շուտով Թումանյանը որպես գործակատար ընդունվում է Դվորցովայա փողոցում գտնվող Սալամբերգյանի խանութը, որտեղ աշխատում է ընդամենը կես օր։ Թումանյանն իր այս փորձառության մասին գրել է «Պոետն ու Մուսան» պոեմի «Վտակ»-ի տարբերակում և որը հետագայում դուրս է բերել ստեղծագործությունից։

Ըստ Օլգա Թումանյանի՝ այդ շրջանում (մինչև կոնսիստորիա ընդունվելը) միառժամանակ, Թումանյանը մասնավոր ուսուցչի պաշտոն է վարել ոմն բազազ Մուրադյանի ընտանիքում։ Հետագայում «Գիքորը» պատմվածքը գրելիս Թումանյանն ինչ-որ չափով վերարտադրել է կես օրվա գործակատարից ստացած իր տպավորությունները, ինչպես և բազազ Արտեմին նկարագրելիս նկատի է ունեցել բազազ Մուրադյանի ընտանիքը։

Ներսիսյան դպրոցը թողնելուց հետո Թումանյանը շարունակում էր հանդիպումներ ունենալ գրքասեր երիտասարդների փոքրիկ խմբի հետ, որը հետագայում ազդեցություն է ունենում գրողի գրական գործունեության վրա։ Գրական խմբի անդամ Անուշավան Աբովյանը Թումանյանի՝ գրական ասպարեզ մտնելու մասին գրում է․

Aquote1.png Թումանյանն առանջին անգամ գրական ասպարեզ մտավ «Նոր-Դար» օրաթերթում մի նամակ տպելով Դսեղ գյուղի ընդհանուր նկարագրությամբ ու գյուղացիների նիստ ու կացի վերաբերյալ։ Այնուհետև սկսեց լոռեցիների կյանքից մի շարք անեկդոտներով ողողել «Նոր-Դար»-ի էջերը»։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s