Բանաստեղծություններ…

Աթաբեկ Խնկոյան  (1870-1935)

Բկլիկ ձկնիկ
Ձկնի՛կ, լո՛ղ տուր, լո՛ղ արա,
Դրսի որսը թո՛ղ արա,
Իջի՛ր ջրի հատակը,
Մինչև անցնի վտանգը։

Տե՛ս փորձանք կա քո գլխին,
Մի լավ մտիկ երեխին՝
Որդ է խփել իր կարթին,
Չմոտենաս էդ որդին։

Ինձ չլսեց ձկնիկը,
Ինձ չլսեց բկլիկը,
Հո՛պ, կուլ տվեց նա որդը,
Կարթը մնաց կոկորդը։

Մեղուն

Պզան, պզան, պզպզան,
Պստիկ մեղու տզտզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան, սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս։

Լուսին

Լուսին, լուսին, լուսերես,
Ինչքա՜ն սիրուն, կլոր ես։
Լույս ես տալիս գիշերով
Քո վառվռուն թշերով։

Ձմեռ պապի

Արի՜, արի՜
Ձմեռ պապի,
Սպիտա՛կ հագի,
Սպիտա՛կ կապի։

Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Այս ամենը
Ա՛ռ թևիդ տակ։

Սարում, ձորում
Սուլի՛ր, երգի՛ր,
Հեքիաթ ասա
Հետաքրքիր։

Գցիր կամուրջ,
Փռիր կարպետ,
Այ անուրագ,
Անձեռ վարպետ:

Եղևնի

Գունատ աշուն է,
Էլ չկա թռչուն,
Քամու թևերին
Տերևն է թռչում։

Միայն եղևին
Այնտեղ՝ խոր հովտում,
Կանաչ է հագել,
Աշնան դեմ ժպտում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s